ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ինչո՞ւ են անուններ հնչեցնում՝ առանց համաձայնեցնելու

Ինչո՞ւ են անուններ հնչեցնում՝ առանց համաձայնեցնելու
18.03.2013 | 19:35

Երկու օր է, ինչ հանրության ակտիվ հատվածի համար անակնկալ է դարձել Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կողմից ստվերային կառավարության կազմի հրապարակումը, որում տեղ են գտել արվեստագետների, հանրային գործիչների, լրագրողների, փաստաբանների, նախկին պաշտոնյաների, տարբեր կուսակցություններ ներկայացնող քաղաքական գործիչների անուններ: Նրանց մեծ մասը ԶԼՄ-ներին հայտնել են, որ իրենց անունները հնչեցնելուց առաջ նախապես չեն համաձայնեցրել իրենց հետ, առաջին անգամ այդ մասին իմացել են ԶԼՄ-ներից: Սրանից զատ, ստվերային կառավարության անդամներից ոմանք նաև նշել են, որ իրենք բավարարված են հասարակական, իրավապաշտպան գործունեությամբ և չեն պատրաստվում պետական չինովնիկի աշխատանք կատարել: Ուշագրավն այն է, որ ստվերային կառավարության անդամների մեծ մասը անկուսակցականներ են, մյուսները ներկայացնում են ՀԱԿ-ը, Դաշնակցությունը, «Հանրապետությունը» և այլն: Շատերին հետաքրքրում է, թե ինչ շարժառիթներով է Նիկոլ Փաշինյանը հնչեցրել այդ անունները՝ առանց համաձայնության: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը անբարոյական է համարում, որ, առանց Լևոն Զուրաբյանի և Ստեփան Դեմիրճյանի կարծիքները հարցնելու, նրանց անուններն էլ են ներառել:
«Հայկական ժամանակ» օրաթերթի ընթերցողները կհիշեն, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանն իր թերթի էջերում էր հանդես գալիս նման նախաձեռնությամբ: 2005-ին նա համապատասխան խորագրի ներքո հրապարակում էր հանրությանը հայտնի և ոչ այնքան հայտնի անձանց անուններ, ովքեր կարող էին տեղ գտնել կառավարության կազմում կամ՝ առհասարակ իշխանության մեջ: Հիմա Նիկոլը, այդ նույն բանն անելով Ազատության հրապարակում, ի՞նչ նպատակ է հետապնդում: Նա այդպիսով «մեսի՞ջ» է հղում ստվերային կառավարության անդամներին, որ գան, կանգնեն ու ամեն գնով սատարե՞ն Րաֆֆուն՝ անկախ իրենց քաղաքական նախասիրություններից: Նա ասում է, որ այդ մարդիկ պոտենցիալ ունեցող մարդիկ են: Հասկացանք: Բայց եթե Րաֆֆի Հովհաննիսյանն է ցանկանում գալ իշխանության, ինչո՞ւ նա չի կարողացել մինչ օրս իր շուրջը հավաքել պոտենցիալ ունեցող մարդկանցով համալրված թիմ, մարդիկ, որոնք կարող են տարբեր ոլորտներում ղեկավար պաշտոններ զբաղեցնել: Ինչո՞ւ է նա մնացել քաղաքացիական հատվածի հույսին, որն էլ, թարսի պես, չի ուզում մտնել կառավարման ոլորտ: Սակայն Նիկոլի այդ քայլն իսկապես մեր քաղաքական ուժերին մտորելու լուրջ առիթ է տալիս: Հայաստանից վերջին տարիների արտագաղթը տարել է հազարավոր կիրթ, պոտենցիալ ունեցող մասնագետների, որոնք ինքնադրսևորման անհնարինության պատճառով են երկիրը լքել: Եվ հիմա, երբ կառավարություն, թեկուզ ստվերային կառավարություն ձևավորելու խնդիր է առաջանում, մարդիկ ճրագը ձեռքներին պրոֆեսիոնալ կադրեր են փորձում փնտրել: Կադրեր, որոնք նաև հանրային վստահության խնդիր չունենան: Իսկ սա Հայաստանի համար լուրջ խնդիր է:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2639

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ